ԱՊՀ և Մերձբալթյան երկրների չեմպիոնների մրցաշարին «Փյունիկիե մասնակցության վերաբերյալ խոսակցությունները շատ էին, և բոլորին հետաքրքրում էր, թե ինչ կազմով է մասնակցելու Հայաստանի չեմպիոնը: Լրագրողների համար ավելի լավ տարբերակ, քան գլխավոր մարզչի ասուլիսը, դժվար էր պատկերացնել: Երկուշաբթի օրը Վարդան Մինասյանը իր թիմի առաջին մարզումից հետո հանդիպեց լրագրողների հետ և պատասխանեց նրանց հուզող հարցերին:
- Նախ բոլորիդ շնորհավորում եմ Ամանորի առթիվ և մաղթում ամենայն բարիք, պատրաստ եմ պատասխանել Ձեր հարցերին:
- Ի՞նչ կազմով եք մեկնելու Մոսկվա:
- Ակումբի նախագահի, ղեկավարության և մարզիչների հետ խորհրդակցելով՝ որոշել ենք մասնակցել երկրորդ կազմով: Ավելի ճիշտ՝ դա երկրորդ կազմ էլ համարել չի կարելի: Խաղերին կմասնակցեն լեգեոներներ, որոնց փորձարկելու ցանկություն ունենք: Որոշեցինք նրանց տեսնել ոչ թե մարզումների, այլ խաղի մեջ: Սակայն նման որոշման գլխավոր պատճառը հետևյալն է. գիտեք, որ մեր թիմի մոտ 9-10 ֆուտբոլիստներ ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ են և մարտի 2-ին ընտրական հանդիպում ունեն Իռլանդիայի ընտրանու հետ: Հավաքականի նախապատրաստական շրջանը կխաթարվեր, եթե նրանք հունվարի 15-ից ներգրավվեին հանդիպումների: Երկրորդ պատճառն այն է, որ թիմում կան վնասվածքներ՝ Սարգիս Հովսեփյան, Դավիթ Մանոյան, Վահագն Մինասյան: Երրորդը՝ կփորձարկենք լեգեոներների: Մենք արդեն Մոսկվա ենք գործուղել երկու մարզիչների՝ Ռաֆայել Նազարյանին և Վարազդատ Ավետիսյանին: Նրանք այժմ մարզումներ են անցկացնում այդ լեգեոներների հետ, արդեն 4 մարզում են անցկացրել: Կան նաև երեք հայ ֆուտբոլիստներ, որոնց մենք համարում ենք մինչև 17 և 19 տարեկանների հավաքական թիմերի թեկնածուներ: Հիմա Մոսկվայում կան 18 ֆուտբոլիստներ: Մինչև առաջին հանդիպումը նրանք երկկողմանի հանդիպում կանցկացնեն, և մարզիչները մեզ կտեղեկացնեն ֆուտբոլիստների մասին։ Եթե անհրաժեշտություն լինի, մենք «Փյունիկ-2ե-ից 3-4 ֆուտբոլիստներ կգործուղենք Մոսկվա:
- Իսկ ո՞ր երկրներից են ներկայացուցիչները:
- Հիմնականում աֆրիկացիներ են, կան երեք չիլիացի ֆուտբոլիստներ և ռուսական տարբեր ակումբներում խաղացող երեք հայ ֆուտբոլիստներ:
- Դուք մեկնելո՞ւ եք Մոսկվա:
- Քանի որ մեզ մոտ շատ կարևոր ֆիզպատրաստության փուլն է ընթանում, ես կմնամ Երևանում: Մոսկվայում են մեր մարզիչները, և նրանք էլ կկատարեն ընտրությունը։ Եթե որոշ ֆուտբոլիստներ հավանության արժանանան, դա դեռ չի նշանակում, որ նրանք արդեն ընդգրկված են «Փյունիկումե: Այդ ֆուտբոլիստներին հնարավորություն կտանք մասնակցելու Սոչիի հավաքին:
- Երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները «Փյունիկումե առանձին ծրագրո՞վ են մարզվելու, թե՞ թիմի հետ միասին:
- Ոչ, նրանք մարզվելու են թիմի հետ: Ճիշտ է, մարտի սկզբին դժվար է 100 տոկոսով պատրաստ լինել, սակայն մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի գոնե 80 տոկոսով լավ մարզավիճակում լինենք:
- Դուք մեկնել էիք Բելգիա սելեկցիոն նպատակներով. արդյունք եղա՞վ:
- Այնտեղի թիմերից մեկը հետաքրքրվում էր «Փյունիկիե երկու ֆուտբոլիստներով, սակայն անունները չեմ ուզում նշել: Բայց շատ հնարավոր է նրանց հրավիրեն փորձաշրջանի: Երբ հրավիրեն, անունները կհրապարակենք: Ես հետաքրքրված էի բելգիացի մի քանի ֆուտբոլիստներով: Նրանք ինձ հրավիրեցին Բելգիայի բարձրագույն խմբի հանդիպման՝ «Լոկերենիե մասնակցությամբ: Երկու ֆուտբոլիստների պետք է դիտարկեի, բայց, անկեղծ ասած, չհավանեցի: Մենք հիմա դարպասապահի, կենտրոնական պաշտպանի և հարձակվողի խնդիր ունենք, քանի որ անհրաժեշտ է ստեղծել մրցակցություն: Եթե շատ ուժեղ ֆուտբոլիստ լինի, ապա անպայման կընդգրկենք՝ անկախ նրա խաղային դիրքից: Մեզ մոտ այժմ մարզվում է ամերիկահայ Արգին Նազարյանը, որը երկկողմանի խաղում վատ տպավորություն չթողեց:
- ՀՖՖ նախագահը ասուլիսներից մեկի ժամանակ նշեց, որ Դուք շարունակում եք կատարել հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները:
- Պայմանագիրը կնքված էր մինչև դեկտեմբերի 31-ի վերջը:
- Քանի՞ լեգեոներ կցանկանայիք տեսնել Ձեր թիմում:
- Ես կողմ չեմ շատ լեգեոներների: Կցանկանայի տեսնել 2-3 արտասահմանցի ֆուտբոլիստների: Համեմատական կազմով ասեմ՝ Մարկոսի կարգի:
- Սարգիս Հովսեփյանի վնասվածքը ինչպե՞ս եք գնահատում:
- Հովսեփյանը մկանի խնդիր ունի: Այսօր նա միացավ թիմին, բայց անհատական ծրագրով է մարզվում, ինչպես Մինասյանն ու Մանոյանը: Բայց Սոչիում նրանք կարող են մասնակցել հանդիպումներին: Չենք ցանկանում շտապել՝ ծանրաբեռնելով նրանց:
- Դուք նախ հրաժարվեցիք ԱՊՀ գավաթից, հետո համաձայնվեցիք, հիմա էլ երկրորդ կազմով եք խաղալու: Մոսկվան չի՞ նեղսրտի նման վերաբերմունքից:
- Միևնույն է՝ անունը «Փյունիկե է (ծիծաղում է): 2005 թվականին, երբ թիմի մարզիչը Վիսմանն էր, այդ տարի «Շերիֆիե բոլոր 18 ֆուտբոլիստները սևամորթ էին: Նրանք չէին էլ թաքցնում, որ դրանք փորձարկվող ֆուտբոլիստներ են: Ցանկալի կլիներ, որ «Փյունիկնե ընդհանրապես չմասնակցեր, սակայն եթե այդպես է ստացվել... ինչ արած, ինչ-որ դրական բաներ պետք է քաղել: Նույնիսկ մեր խմբում ընդգրկված ուզբեկական «Բունյոդկորըե այժմ Արաբական Միացյալ Էմիրություններում է և Մոսկվա չի ժամանի հիմնական կազմով:
- Ի՞նչ է պետք անել, որ մեծանա այս մրցաշարի նշանակությունը:
- Եթե ո°չ Ռուսաստանի չեմպիոնը, ո°չ էլ Ուկրաինայի չեմպիոնը չեն մասնակցում հիմնական կազմով, երբ կազմակերպիչը հենց Ռուսաստանն է, էլ ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ այդ թիմերն էլ մեծ ուշադրություն չեն դարձնում այս մրցաշարին: Կարելի է հետաքրքրություն մտցնել, մեծացնել մրցանակային ֆոնդը, կամ մրցաշարն անցկացնել Միջին Ասիայում, ինչի մասին այդքան խոսում էին: Բայց դրանք խոսակցության մակարդակներում էլ մնացին:
- Գտե՞լ են թիմեր այն ֆուտբոլիստները, ում ծառայություններից Դուք հրաժարվել եք:
- Որքան տեղյակ եմ՝ Արտակ Անդրիկյանն ու Նորայր Սահակյանը մարզվում են «Ուլիսումե և պետք է պայմանագիր ստորագրեն այդ թիմի հետ: Տեղեկություն չունեմ Ալբերտ Հովակիմյանից: Գրիգոր Մելիքսեթյանը մեկնել էր Իրան և մարզվում էր այնտեղ, բայց կարծես թե վերադարձել է:
- Մոսկովյան մրցաշարի բացասական կողմերը որո՞նք են:
- Կան բացասական կողմեր: Մեզ այս նախապատրաստական շրջանում խաղեր պետք չեն: Ֆուտբոլիստների օրգանիզմը դեռ պատրաստ չէ նման ծանրաբեռնվածությանը: Մենք առաջին հանդիպումը ծրագրել ենք հունվարի 27-ին, այն էլ՝ նախատեսում ենք ֆուտբոլիստներին 60 րոպե խաղալու ժամանակ տրամադրել:
|