
27 ապրիլ, 14:00, Էջմիածին, ֆուտբոլի ակադեմիա, 29-րդ տուր
1-ին շրջան (Տուր 2). 19.09.2018 «Ալաշկերտ» - «Փյունիկ» 1-2 Գոլեր՝ Պետրոս Ավետիսյան, 16 (0-1), Ղուկաս Պողոսյան, 63, 11մ (1-1), Մաքսիմ Ժեստոկով, 74 (1-2)
2-րդ շրջան (Տուր 11). 07.10.2018 «Փյունիկ» - «Ալաշկերտ» 0-1 Գոլ՝ Արտակ Դաշյան, 62 (0-1)
3-րդ շրջան (Տուր 20). 02.03.2019 «Ալաշկերտ» - «Փյունիկ» 1-2 Գոլեր՝ Արթուր Միրանյան, 3 (0-1), Դենիս Տալալայ, 51 (0-2), Վիտալի Ստեժկո, 65, ինքնագոլ (1-2)
Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի վերնամասում շարունակվում է առաջատարների «ճակատամարտը»: Կշեռքի նժարին են դրված չեմպիոնի կոչման, ինչպես նաև եվրոգավաթների ուղեգրերը, որոնց համար անողոք պայքար են մղում մի քանի թիմեր: Այս պահին աղյուսակը 46 միավորով գլխավորում է «Արարատ-Արմենիան», որին 43-ական միավորով հաջորդում են միանգամից 3 թիմեր՝ «Բանանցը», «Փյունիկը» և «Ալաշկերտը»:
Նախորդ տուրում մեր թիմը կարողացավ դրամատիկ պայքարում «Գանձասար-Կապանի» դեմ հանդիպման ավելացված ժամանակում շատ կարևոր 3 միավոր վաստակել: «Փյունիկի» հաղթանակին մեծապես նպաստեց դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը՝ հետ մղելով Գեղամ Հարությունյանի իրացրած 11 մետրանոց հարվածը, ինչպես նաև խաղավերջում փոխարինման մտած թիմի նորեկ՝ Լասինա Դաոն: Վերջինս խաղադաշտ դուրս գալուց ընդամենը մի քանի րոպե անց կարողացավ խփել հաղթական գոլը և իր նորամուտը «Փյունիկի» կազմում նշել խփած գոլով: Գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը հաղթական ստացվեց նաև մեր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովի համար:
Առաջնության մնացած հանդիպումները «Փյունիկի» համար այսուհետ վերածվել են յուրատեսակ «եզրափակիչների»: Արդեն առաջիկա 2 տուրերում մեր թիմին լուրջ փորձություններ են սպասվում. «Փյունիկը» ուժերը կչափի չեմպիոնի կոչման հավակնորդներից երկուսի՝ «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» հետ:
Գործող չեմպիոնի հետ ընթացիկ առաջնությունում կայացած նախորդ խաղերում «Փյունիկը» տարել է 2 հաղթանակ և կրել 1 պարտություն: Միմյանց միջև կայացած խաղերում ունեցած լավագույն ցուցանիշի շնորհիվ էլ մեր թիմը մրցաշարային աղյուսակում այս պահին առաջ է «Ալաշկերտից» և զբաղեցնում է 3-րդ տեղը:
Այս մրցաշրջանում «Փյունիկի» և «Ալաշկերտի» միջև առաջին հանդիպումը կայացավ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ 2-րդ տուրի հետաձգված խաղում, որը օգոստոսի 12-ին չէր կայացել երկու թիմերի Եվրոպա լիգայի խաղարկությունում մասնակցության պատճառով: «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում «Փյունիկը» կարողացավ հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել «Ալաշկերտին»: Խաղասկզբում մեր թիմի կազմում աչքի ընկավ Պետրոս Ավետիսյանը, իսկ հաղթական գոլը երկրորդ կեսում գլխի հարվածով խփեց Մաքսիմ Ժեստոկովը:
Թիմերի միջև հաջորդ խաղը կայացավ հոկտեմբերի 7-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում և այս անգամ հաջողությունն ուղեկցեց «Ալաշկերտին»: Այդ խաղում ամեն ինչ որոշեց Արտակ Դաշյանի խփած միակ գնդակը, ով հեռահար հարվածով հաղթանակ պարգևեց գործող չեմպիոնին: Ի դեպ, այդ հանդիպումից առաջ «Փյունիկը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո մեր թիմը նահանջեց 4-րդ հորիզոնական:
Իսկ 3-րդ խաղաշրջանում «Ալաշկերտն» ու «Փյունիկը» հանդիպեցին այս տարվա մարտի 2-ին, որն առաջնության գարնանային հատվածի առաջին խաղն էր: Արդեն մեկնարկային րոպեներին Արթուր Միրանյանն առաջ մղեց «Փյունիկին»՝ բացելով իր գոլերի հաշիվն ընթացիկ մրցաշրջանում: Երկրորդ կեսի սկզբնամասում մեր թիմի նորեկ՝ Դենիս Տալալայը դիպուկ հարվածով կրկնապատկեց «Փյունիկի» առավելությունը՝ իր նորամուտը նշելով գոլով: Թեև դաշտի տերը խաղի մնացած ժամանահատվածում կարողացան կրճատել հաշիվը, սակայն նրանց ավելին անել չհաջողվեց և մեր թիմն այս մրցաշրջանում հյուրնկալվելիս երկրորդ հաղթանակը տարավ «Ալաշկերտի» նկատմամբ:
Նշենք, որ «Ալաշկերտի» դեմ առաջիկա խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ իր հանդիպումն առաջին անգամ կանցկացնի Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 14-00-ին: