0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» 1-4 (Տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Արարատ-Արմենիային»:

Նախորդ խաղի համեմատ մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը անփոփոխ էր թողել «Փյունիկի» մեկնարկային կազմը՝ խաղադաշտ դուրս բերելով միևնույն 11 ֆուտբոլիստներին:

Հանդիպման մեկնարկային րոպեներին դաշտի տերերի կիսապաշտպան Մաիլսոն Լիման փորձեց հեռվից կատարած հարվածով հաջողության հասնել, սակայն նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ:

12-րդ րոպեին «Փյունիկն» իր առաջին վտանգավոր պահը ստեղծեց այս խաղում, երբ Դենիս Տալալայի հարվածից հետո Աբակումովին հաջողվեց հեռացնել գնդակը:

Այդ ընթացքում մեր թիմն աստիճանաբար տիրեց խաղային նախաձեռնությանը և շուրջ 10-15 րոպե գնդակին ավելի շատ տնօրինում էր «Փյունիկը»:

20-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը ստանալով Էրիկ Վարդանյանից գնդակը, տուգանայինի մատույցներից հարվածեց դեպի դարպասը, սակայն Դմիտրի Աբակումովը տիրեց գնդակին:

Առաջին կեսում «Արարատ-Արմենիայի» ավագ Վլադիմիր Խոզինը 2 անգամ տուգանայինից կատարած հեռահար հարվածներով փորձեց աչքի ընկնել, սակայն երկու դեպքում էլ նրա հարվածները նպատակին չհասան:

36-րդ րոպեին Ալեքս Քրիստիան Ջունիորը գտնվելով սուր անկյան տակ փորձեց գրավել դարպասը, բայց Անդրիյա Դրագոևիչը չեզոքացրեց սպառնալիքը:

42-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը մրցակցի խաղացողի հետ պայքարում ընկավ «Արարատ-Արեմենիայի» տուգանային հրապարկում, սակայն մրցավարը գտավ, որ այդ դրվագում խախտում չկար:

Երկու թիմերն էլ առաջին կեսում, թեև, փորձեցին արդյունքի հասնել, սակայն իրական գոլային պահեր այդպես էլ չեղան և առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Ինչպես ցույց տվեց հանդիպման հետագա ընթացքը՝ բոլոր կարևոր իրադարձությունները ծավալվեցին 2-րդ կեսում, որը մինչև վերջ հաճելի լարվածության մեջ պահեց բոլորին:   

Երկրորդ կեսի հենց մեկնարկը նշանավորվեց Ուսմանի վտանգավոր հարվածով, բայց Աբակումովն իր տեղում էր:

47-րդ րոպեին մեր թիմը վաստակեց տուգանային հարվածի իրավունք. Սերգեյ Շևչուկը գնդակը փոխանցեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Մաքսիմ Ժեստոկովի մոտ տարածությունից կատարած գլխի հարվածից հետո Դմիտրի Աբակումովը հրաշքով փրկեց դրությունը: Գնդակը հայտնվեց Քրիստի Մարկուի մոտ, ով փոխանեց դեպի «Արարատ-Արմենիայի» տուգանային հրապարակ, որտեղ Ուսման Մոհամեդը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 0-1:  

Չէին հասցրել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ուշքի գալ բաց թողած գոլից հետո, երբ րոպեներ անց «Փյունիկին» հաջողվեց նաև կրկնապատկել խաղի հաշիվը: Ուսման Մոհամեդն, ով այս խաղում լավագույններից մեկն էր մեր թիմի կազմում, աջ թևով շարժվեց առաջ և գնդակը փոխանցեց գրոհին միացած Արմեն Մանուչարյանին: Վերջինս կրնկով կատարած գեղեցիկ փոխանցումով գնդակը վերադարձրեց Ուսմանին և նա էլ իր հերթին մեկ  հպումով այն հասցեագրեց հսկողությունից դուրս մնացած Արթուր Միրանյանին, ով գլխի հարվածով հաշիվը դարձրեց՝ 0-2: Գոլային այդ գրոհն իսկապես տպավորիչ էր:  

53-րդ րոպեին հաշիվն արդեն կարող էր դառնալ 0-3, սակայն Սերգեյ Շևչուկն անչափ նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել դարպասը:

Պետք է նշել, որ 2-րդ կեսում «Փյունիկի» գրոհների թափն ավելի էր ուժեղացել և խաղադաշտում թելադրողի դերում մեր ֆուրբոլիստներն էին:

62-րդ րոպեին Ուսմանը ներխուժեց «Արարատ-Արմենիայի» տուգանային հրապարակ և գնդակի համար պայքարում ընկավ ու թվաց, թե պաշտպանը նրան հրեց, սակայն այս դեպքում էլ մրցավարի սուլիչը լուռ էր:

Քիչ անց, մեր կենտրոնական պաշտպաններն այս խաղում առաջին անգամ լրջորեն ձախողեցին, երբ խորքից երկար փոխանցումից հետո Անտոն Կոբյալկոն մեն-մենակ դուրս եկավ մեր թիմի դարպասի դիմաց և, բարեբախտաբար, հարվածեց ուղիղ Անդրիյա Դրագոևիչի վրա և վերջինս փրկեց իր թիմին:

Ընդամենը 1 րոպե անց, Ռումյան Հովսեփյանը երկար հաշվենկատ փոխանցումով գրոհի դուրս բերեց Արթուր Միրանյանին, սակայն վերջինս մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, հապաղեց և չկարողացավ օգտագործել հիանալի պահը:

«Փյունիկի» գրոհների տարափը շարունակվում էր և աչքի ընկնելու հնարավորություն ուներ արդեն Էրիկ Վարդանյանը, ով փորձեց գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դառնալ, սակայն գնդակը շեղությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից:

68-րդ րոպեին Էրիկ Վարդանյանին, ի վերջո, հաջողվեց գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ: Սեփական կիսադաշտից տիրելով գնդակին, նա երկար ուղերթով առաջ շարժվեց և մեն-մենակ դուրս գալով Աբակումովի դեմ գնդակն ուղարկեց դարպասի ձախ վերին անկյունը՝ 0-3:

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները խաղը վերսկսեցին դաշտի կենտրոնից և նրանց առաջին իսկ գրոհի ժամանակ Անտոն Կոբյալկոն վայր ընկավ «Փյունիկի» տուգանային հրապարակում և մրցավարը մեր թիմին պատժեց 11 մետրանոց հարվածով: Հենց Կոբյալկոն էլ մոտեցավ գնդակին և նրա հարվածից հետո, չնայած Դրագոևիչը գուշակեց հարվածի ուղղությունը, սակայն գնդակը հայտնվեց դարպասում՝ 1-3:  

81-րդ րոպեին մեր թիմի կազմում փոխարինման մտած Կառլեն Մկրտչյանը գնդակով ներխուժեց «Արարատ-Արմենիայի» տուգանային հրապարակ և արդեն պատրաստվում էր հարվածել, սակայն վայր ընկավ ու թվաց, որ մրցակցի պաշտպանը խախտեց խաղի կանոնները, սակայն այս դեպքում նույնպես մրցավարը չարձագանքեց:

Այնուամենայնիվ, խաղավարտից 4 րոպե առաջ «Փյունիկին» հաջողվեց գեղեցիկ վերջակետ դնել այս հանդիպմանը: Արթուր Միրանյանը գնդակը փոխանցեց Դենիս Տալալային, ով մտնելով մրցակցի տուգանային հրապարակ, շրջանցեց Դմիտրի Գուզին և անկասելի հարվածով ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 1-4:

«Փյունիկը» չեմպիոնական մրցավազքի կարևորագույն խաղերից մեկում կարողացավ հաղթանակ տանել և այս տուրից հետո բարձրացավ աղյուսակի 1-ին հորիզոնական:

Վերջին նորություններ