
Հոկտեմբերի 21, 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
92 խաղ, «Շիրակը» հաղթել է 28 անգամ, «Փյունիկը»՝ 51, գրանցվել է 13 ոչ-ոքի, գնդակների տարբերությունը՝ 98-148:
Այսօր` հոկտեմբերի 21-ին, Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում կմրցի «Շիրակի» հետ:
Թիմերը տարբեր տրամադրությամբ են մոտենում առաջիկա խաղին
Առաջնության նախորդ տուրում «Փյունիկը» սկզբունքային խաղում առավելության հասավ փոխչեմպիոնի՝ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Այդ հաղթանակից հետո, մեր թիմը փոքր-ինչ բարելավեց իր մրցաշարային գործերը և այժմ 4-րդ տեղում է:
Առաջնության նորեկը՝ «Շիրակը», մեկ մրցաշրջան անց կրկին վերադառնալով ուժեղագույնների խումբ, առայժմ վաստակած 11 միավորով հանգրվանել է 8-րդ տեղում: Նախորդ տուրում գյումրեցիներն արտագնա խաղում 0-1 հաշվով զիջել են առաջնության առաջատար՝ «Ուրարտուին»:
Եղիշե Մելիքյանը՝ «Փյունիկի» ղեկին պաշտոնական խաղերում իր առաջին հաղթանակը տոնել է «Շիրակի» նկատմամբ
Հատկանշական է, որ մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ «Փյունիկի» գլխավոր մարզչի կարգավիճակում պաշտոնական խաղերում իր առաջին հաղթանակը տոնել է հենց «Շիրակի» նկատմամբ, նույն՝ Գյումրիում: 2021թ.-ի մարտի 1-ին, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում, «Փյունիկը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության էր հասել «Շիրակի» նկատմամբ:
«Փյունիկի» և «Շիրակի» միջև վերջին հանդիպումն առաջնության շրջանակներում
Թիմերի միջև վերջին խաղը կայացել է այս տարվա օգոստոսի 13-ին, Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 3-րդ տուրում, որտեղ Արտակ Դաշյանի խփած միակ գոլը 3 միավոր պարգևեց «Փյունիկին»: Ընդ որում, դա մեր թիմի առաջին հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում:
Իսկ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում «Փյունիկը» վերջին անգամ «Շիրակի» դեմ Գյումրիում մրցել է նախորդ տարվա մայիսի 20-ին, որտեղ մեր թիմը 5-1 հաշվով խոշոր հաշվով հաղթանակ էր տարել:
Գյումրիի Քաղաքային մարզադաշտն՝ առաջին անգամ գիշերային լուսավորությամբ
Նշենք, որ այս հանդիպումը տանտերերի համար կլինի իրադարձային, քանի որ առաջին անգամ Գյումրիի Քաղաքային մարզադաշտում խաղը կանցկացվի երեկոյան ժամին՝ գիշերային լուսավորությամբ, որն այս տարի ՀՖՖ-ի աջակցությամբ տեղադրվել է մարզադաշտում: