0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ակադեմիա. Չեմպիոնների լիգայի մասնակցություն, նորամուտներ գլխավոր թիմում և միջազգային մրցաշարեր

Ավարտվեցին ՀՀ 2024/25 թթ.մանկապատանեկան առաջնությունները. Մրցաշրջան, որն սկսեցինք Երիտասարդական Չեմպիոնների լիգայի խաղարկության նախնական փուլի հանդիպումներով։ «Փյունիկի» Մ18 տարեկանների թիմը՝ «Փյունիկ 2007»-ը, որը նախորդ տարի դարձել էր Հայաստանի Մ-18 տարեկանների առաջնության հաղթող ու գավաթակիր, իրավունք էր ստացել հանդես գալու այդ մրցաշարում։ Վիճակահանությամբ «Փյունիկին» բաժին հասավ Մինսկի «Դինամոն», ու երկու խաղում  էլ (2:4, 1:2) մեր տղաները համառ պայքարում զիջեցին բելառուս իրենց հասակակիցներին։ Այդուհանդերձ, նման կարգի մրցաշարում հանդես գալն ինքնին մեծ փորձ էր նրանց համար և մրցաշրջանում լավ մեկնարկ։

Ուրախալի է այն փաստը, որ մրցաշրջանի ընթացքում մեր ակադեմիայի ֆուտբոլիստներից Ժիրայր Աշիկյանը, Համլետ Ալեքսանյանը, Տիգրան Գևորգյանը, Արամ Ահարոնյանը, Արտյոմ Ալեքսանյանը, Դավիթ Դավթյանը, Մարատ Ասատրյանը, Ռուբեն Կարապետյանը և Վարդան Մելիքյանն իրենց նորամուտները նշեցին «Փյունիկի»գլխավոր թիմում։

Մենք ամփոփել ենք «Փյունիկի» ակադեմիայից առավել աչքի ընկած թիմերի ելույթները Հայաստանի մանկապատանեկան առաջնություններում, ինչպես նաև անդրադարձ կատարել միջազգային մրցաշարերին:

«Փյունիկ 2011-1»

Դավիթ Գրիգորյանի գլխավորած՝ «Փյունիկ 2011-1»-ը կրկին աչքի ընկավ իր կայուն ելույթներով, ինչպես նախորդ տարիներին։ Այս մրցաշրջանում ևս տղաները հանդես եկան իրենցից մեկ տարի մեծ տարիքային խմբում ու դարձան Հայաստանի Մ15 տարեկանների Ա խմբի հաղթող։

Այս թիմը նաև դեկտեմբերին Մոսկվայում մասնակցեց Կոնստանտին Սարսանիային նվիրված պատանեկան միջազգային 4-րդ հուշամրցաշարին, որտեղ բավական տպավորիչ խաղ ցույց տվեց: Արթուր Մանուկյանը և Նարեկ Ավետիսյանը խմբային փուլում ստացան հատուկ մրցանակներ «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում. Արթուրը՝ «Ֆորվարդի» դեմ խաղում, Նարեկը՝ «Իրկուտսկի»։ Խմբում մեր թիմն զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ մրցաշարն ավարտեց 7-րդ տեղի համար խաղով, որում 2։1 հաշվով հաղթեց «Ակրոնին»։ Հարկ է նշել, որ մրցաշարի ընթացքում մեր թիմի կազմում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արթուր Մանուկյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանն արժանացավ «Երիտասարդ հույս» մրցանակին՝ որպես մրցաշարի ամենակրտսեր մասնակից։ Թիմի պաշտպան Ալեքս Մկրտչյանը, որը փայլել էր «Ակրոնի» դեմ խաղի ընթացքում, ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Դավիթ Գրիգորյանի թիմը մայիսին մասնակցեց նաև «Ուրարտու» ակումբի մարզադպրոցում անցկացվող Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի հիշատակին նվիրված «Simon Cup» մրցաշարին։ Մեր տղաները վստահ անցկացրին ողջ մրցաշարը՝ հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին ու դարձան Մ14 տարեկանների խմբի հաղթող։ Ընդ որում, թիմի ֆուտբոլիստներից երկուսն արժանացան նաև անհատական մրցանակների. Արեն Սարգսյանը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ, լավագույն հարձակվող և լավագույն ռմբարկու, իսկ Գևորգ Աբաջյանը՝ լավագույն դարպասապահ:

«Փյունիկ 2011-2»

«Փյունիկ 2011-2» թիմը՝ Սարգիս Նազարյանի գլխավորությամբ, այս տարի «Փյունիկ» բերեց Հայաստանի Մ14 տարեկանների գավաթը։

«Փյունիկ 2010»

Ստեփան Հարությունյանի գլխավորած «Փյունիկ 2010» թիմը Հայաստանի Մ16 տարեկանների պատանեկան առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ մեկ դիրքով բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը։ Փոխարենը մեր տղաները գերազանց հանդես եկան գավաթի խաղարկությունում, որտեղ եզրափակչում 2։0 հաշվով հաղթեցին «Արարատ 2009»-ին ու նվաճեցին գավաթը։ 

Մեր թիմի համար կարևոր ստուգատես էր այս տարվա մարտին Կիպրոսի Այա Նապա քաղաքում անցկացվող «Elite Neon Cup» միջազգային ամենամյա մրցաշարը։

Խմբային փուլում «Փյունիկ 2010»-ը մեկնարկեց հունական «Ատրոմիտոսի» նկատմամբ 2։0 հաշվով տարած վստահ հաղթանակով, ապա նույն օրը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց տեղի ՊԱԷԷԿ թիմի հետ։ Խմբային փուլի վերջին խաղում մեր տղաները 0։2 հաշվով զիջեցին դանիական «Միտյուլանդին»։ Արդյունքում մեր թիմը խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը։

Մրցաշարի 9-16-րդ տեղերի համար պայքարում«Փյունիկ-2010»-ը, նախ 0։2 հաշվով զիջեց կիպրական «Պաֆոսին», ապա 3։0 հաշվով առավելության հասավ մրցաշարի մասնակից ևս մեկ հայկական թիմի՝ «Ուրարտուի» պատանիների նկատմամբ։

Ստեփան Հարությունյանի թիմը ևս մասնակցեց«Simon Cup» մրցաշարին, որտեղ զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ թիմի դարպասապահ Դանիել Գևորգյանն տարիքային խմբում ճանաչվեց լավագույն դարպասապահ։

«Փյունիկ 2009»

Արամ Գյուլբուդաղյանի գլխավորած թիմը, որն անցած մրցաշրջանում այդ տարիքային խմբի հաղթողն էր, այս անգամ առաջնությունն ավարտեց 3-րդ տեղով, սակայն, ապրիլին մասնակցելով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված «Elite Neon Cup» միջազգային մրցաշարին՝ տպավորիչ արդյունքների կարողացավ հասնել։

Մեր թիմին ընդամենը կես քայլ էր բաժանում մրցաշարում արժանանալու արծաթե գավաթին, սակայն որոշիչ խաղում «Փյունիկ-2009»-ը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում (4:5) հաշվով զիչեց հունական «Պանիոնիսին»:

Մրցաշարում թիմը գրանցեց 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 1 պարտություն, այն էլ հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում:

«Փյունիկ 2008»

«Փյունիկ 2008»-ը, որն անցած տարի իր տարիքային խմբի հաղթողն էր, այս անգամ դարձավ առաջնության երկրորդ մրցանակակիր։

Փոխարենը մեր տղաները կարողացան կրկնել նախորդ տարվա գավաթային հաջողությունն ու այս անգամ դարձան Մ18 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող։ Վճռորոշ խաղում «Փյունիկ 2008»-ը 4։2 հաշվով առավելության հասավ«Ուրարտու 2007-1» թիմի նկատմամբ։

Հատկանշական է, որ Մ18 տարիքային խմբի գավաթի խաղարկությունում վերջին 4 տարում հաջողության են հասել «Փյունիկի» ակադեմիայի թիմերը.

2021/22 թթ. «Փյունիկ 2006»

2022/23 թթ. «Փյունիկ 2006»

2023/24 թթ. «Փյունիկ 2007»

2024/25 թթ. «Փյունիկ 2008»

Մեր ռմբարկուները

Մրցաշրջանի արդյունքներով՝ «Փյունիկի» ակադեմիայից 3 ֆուտբոլիստ տարբեր տարիքային առաջնություններում ճանաչվեց լավագույն ռմբարկու:

«Փյունիկ 2010»-ի ֆուտբոլիստ Հայկ Գրիգորյանը 26 գոլով դարձավ Հայաստանի մինչև 16 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկու։

«Փյունիկ 2009»-ի ֆուտբոլիստ Անդրանիկ Երվանդյանը 18 գոլով դարձավ Հայաստանի մինչև 17 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկու։

«Փյունիկ 2008»-ի ֆուտբոլիստ Արտյոմ Ալեքսանյանը 24 գոլով դարձավ Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկու։ Այս տիտղոսին Արտյոմն արժանացավ երկրորդ տարին անընդմեջ։

Մեր սաները՝ տարիքային հավաքականներում

Հայաստանի Մ19 տարեկանների հավաքական. Լիտվայի դեմ ընկերական հանդիպումներ՝ Կարեն Հովակիմյան, Սերգեյ Հարությունյան, Համլետ Ալեքսանյան, Արթուր Մանուկյան և Սամսոն Հակոբյան:

Հայաստանի Մ19 տարեկանների հավաքական. Խորվաթիայում անցկացվող Եվրոպայի տարիքային որակավորման մինի մրցաշար՝ Արթուր Պետրոսյան, Կարեն Հովակիմյան և Սամսոն Հակոբյան։

Հայաստանի Մ19 տարեկանների հավաքական. Վրաստանի Մ19 տարեկանների հավաքականի, Մոլդովայի Մ19 և 20 տարեկանների հավաքականների դեմ ընկերական հանդիպումներ՝ Կարեն Հովակիմյան, Սերգեյ Հարությունյան, Արամ Ահարոնյան, Վահե Կարապետյան, Արտակ Գալստյան, Սեդրակ Մովսիսյան և Մարտին Գալստյան։

Հայաստանի Մ17 տարեկանների հավաքական. Լատվիայի դեմ ընկերական հանդիպումներ և Սլովենիայում անցկացվող  ՈՒԵՖԱ Եվրոպա տարիքային մրցաշարի որակավորման փուլ՝ Արթուր Պետրոսյան և Ռուբեն Կարապետյան։

Հայաստանի Մ17 տարեկանների հավաքական՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության երկրորդ ռաունդի մինի-մրցաշար՝ Արթուր Պետրոսյան, Համլետ Կարապետյան, Ռուբեն Կարապետյան, Արտյոմ Ալեքսանյան, Դավիթ Դավթյան և Արմեն Սուքիասյան։

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքական. Մալթայում անցկացվող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար՝ Սերյոժա Հարությունյան, Նարեկ Մելիքյան, Սերյոժա Պետրոսյան, Արտյոմ Հակոբյան, Անդրանիկ Երվանդյան։

Հայաստանի Մ15 տարեկանների հավաքական. Մոլդովայում անցկացվող զարգացման մրցաշար՝ Ռոբերտ Հովակիմյան, Շանթ Խաչատրյան, Հայկ Գրիգորյան, Ռուբեն Մաթևոսյան, Նարեկ Դավթյան և Խաչատուր Գևորգյան։

Հայաստանի Մ15 տարեկանների հավաքական. ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար՝ Ռոբերտ Հովակիմյան, Արտյոմ Հարթենյան, Գագիկ Գրիգորյան, Գրիգոր Հարությունյան, Հայկ Գրիգորյան և Խաչատուր Գևորգյան։

Հայաստանի Մ14 տարեկանների հավաքական՝ Հայաստանում անցկացվող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար՝ Դանիել Գևորգյան, Արտյոմ Շեկիկյան, Սարգիս Աղայան, Վահագն Եղյան, Նարեկ Ավետիսյան, Արեն Սարգսյան և Գևորգ Մալխասյան:

Հատկանշական է նաև, որ Մ14 Զարգացման մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ  ճանաչվեց մեր սան Նարեկ Ավետիսյանը։ Նարեկին մրցանակը հանձնեց Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը։

Մեր սանը և տարիքային հավաքականի ավագն իր գոլով արդյունավետ գտնվեց մրցաշարի մեկնարկային՝ Ուզբեկստանի ընտրանու դեմ խաղում, որտեղ նրա փոխանցումից հետո նաև մրցակիցը գրավեց սեփական դարպասը։

Նարեկը Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ մրցաշարի երկրորդ՝ Լատվիայի ընտրանու դեմ խաղում, իսկ Լիբանանի հավաքականի դեմ հանդիպմանը նա տպավորիչ դուբլ հեղինակեց։

Հաջողություններ ենք մաղթում մեր սաներին նաև գալիք մրցաշրջանում։

Վերջին նորություններ