
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին։
28-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է իր երկրի «Լես Աստրես» թիմում, ապա խաղացել է թունիսյան «Սֆաքսյենում», պորտուգալական «Ժիլ Վիսենտեում» և ֆիննական «Իլվեսում»։
2018 թվականի օգոստոսին Նուբիսին տեղափոխվել է բելգիական «Բեերսխոտ», որտեղ ելույթ է ունեցել 3,5 տարի։ 2019/20 թթ. մրցաշրջանում նա «Բեերսխոտի» հետ դարձել է Բելգիայի 2-րդ լիգայի հաղթող։ Հաջորդ երկու մրցաշրջաններում Մարիուս Նուբիսին «Բեերսխոտի» կազմում Բելգիայի Պրո լիգայում (ուժեղագույնների խումբ) անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2022-24 թթ․ Նուբիսին խաղացել է Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Վալանսյենում», որի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Այնուհետև նա կես մրցաշրջան անցկացրել է Բելգիայի 2-րդ լիգայի ներկայացուցիչ «Պատրո Էյսդենում»։
Մարիուս Նուբիսիի նախորդ թիմն՝ «Արարատ-Արմենիան» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում նա «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրել է 31 խաղ, որոնցում դարձել է 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կամերունցի ֆուտբոլիստը խփած 18 գնդակով դարձել է Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 թթ. առաջնության երկրորդ ռմբարկուն։
Նուբիսին հանդես է եկել նաև Կամերունի Մ-20 տարեկանների հավաքականում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Մարիուս Նուբիսիին։