Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Հունգարիայում մրցեց «ԷՏՕ Դյորի» հետ։
Առաջին խաղում 2:1 հաշվով տարած հաղթանակը լավ հնարավորություններ էր պահպանում «Փյունիկի» համար դուրս գալու հաջորդ փուլ, չնայած ինչպես երևանյան հանդիպումն էր ցույց տվել՝ «Դյորը» բավականին բարդ մրցակից էր, և, առավել ևս իր հարկի տակ կարող էր մեծ տհաճություններ պատճառել մեր թիմին։ Այդպես էլ եղավ։
Եղիշե Մելիքյանը «Փյունիկի» մեկնարկային կազմը թողել էր անփոփոխ, սակայն մեր թիմը զգալի կորուստ ունեցավ պատասխան խաղից առաջ․ «Փյունիկից» հեռացել էր թիմի առաջատարներից մեկը՝ Յուսուֆ Օտուբանջոն, և նա, բնականաբար, թիմի հետ չէր մեկնել Հունգարիա։ Փաստաթղթային խնդիրների պատճառով մեր թիմի հայտացուցակից բացակայում էր նաև Դանիել Աղբալյանը։
Հանդիպումը սկսվեց դաշտի տերերի բուռն գրոհներով, ովքեր սեփական երկրպագուների մեծ աջակցությամբ գործում էին արագ ու անկաշկանդ։
Արդեն 16-րդ րոպեին աջ թևից Ռայմոնդ Թոտի կատարած փոխանցումից հետո, Նադիր Բենբուալին հաղթող դուրս եկավ Ֆիլիպե Ալմեյդայի հետ պայքարում ու մոտ տարածությունից գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Դիմակայության ընդհանուր հաշիվը հավասարվեց։
Խփած գոլից հետո էլ նախաձեռնությանը տիրում էին «Դյորի» ֆուտբոլիստներն ու առաջին կեսում նրանք ևս 2-3 իրական գոլային պահ ունեցան, սակայն իր բարձրության վրա էր Հենրի Ավագյանը։
31-րդ րոպեին իր կողմնակալությամբ աչքի ընկավ Կոսովոն ներկայացնող հանդիպման գլխավոր մրցավար Մերվան Բեյտուլահուն։ Մեր թիմի հարձակվող Մարիուս Նուբիսին գնդակով սլանում էր առաջ, երբ «Դյորի» կիսադաշտում մեր ֆուտբոլիստները գտնվում էին երկուսը երկուսի դեմ, սակայն մրցակցի խաղացող Միլյան Կրպիչն, ով արդեն ուներ դեղին քարտ, թիկունքից աննկատ դիպավ մեր հարձակվողի ոտքին ու ընդհատեց «Փյունիկի» վտանգավոր գրոհը։
Որքան էլ տարօրինակ էր՝ գլխավոր մրցավարը բավարարվեց միայն տուգանային հարված նշանակելով։ Նման դեպքերում, եթե խախտումն արձանագրվել է, ապա մրցավարը պարտավոր էր «Դյորի» ֆուտբոլիստին ցույց տալ երկրորդ դեղին քարտն ու հեռացներ խաղադաշտից։ «Փյունիկի» մարզչական շտաբը նույնպես իր դժգոհությունը հայտնեց դրվագի վերաբերյալ, ինչի համար զգուշացվեց մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Առաջին կեսում մեր թիմը միակ իրական գոլային պահը ստեղծեց միայն ավելացված առաջին րոպեին, երբ արագ հակագրոհի արդյունքում Մարիուս Նուբիսին կենտրոնով շարժվեց առաջ, մոտեցավ «Դյորի» տուգանային հրապարակին ու նրա հարվածից հետո մրցակցի դարպասապահ Սամուել Պետրաշը փրկեց իր թիմին։ Ընդ որում, կամերունցի հարձակվողն այդ դրվագում կարող էր գնդակը փոխանցել ավելի հարմար դիրքում գտնվող Մատաս Վարեյկային, բայց փորձեց ինքնուրույն ավարտել գրոհը։
Ընդմիջումից հետո «Դյորն» էլ ավելի մեծ առավելություն ուներ ու մեկը մյուսի հետևից սպառնալից պահեր էր ստեղծում մեր թիմի դարպասի մոտ։ Դրվագներից մեկում գնդակը հետ մղվեց մեր թիմի դարպասաձողից, իսկ որոշ դեպքերում կրկին իր հուսալի խաղով փայլեց Հենրի Ավագյանը։
Մեր թիմը փոքր ինչ ակտիվացավ, երբ փոխարինման մտան Կառլեն Հովհաննիսյանն ու թիմի նորեկ Էրիկ Օկանսին, ովքեր թարմություն հաղորդեցին «Փյունիկի» գործողություններին։
68-րդ րոպեին Օկանսի-Նուբիսի զույգի համագործակցության արդյունքում, վերջինս մեծ արագությամբ մոտեցավ «Դյորի» տուգանային հրապարակին և նրա հարվածից հետո գնդակը դիպչեց ուղղահայաց դարպասաձողին ու դուրս եկավ խաղադաշտից։
Ընդամենը մեկ րոպե անց հետևեց «Դյորի» դաժան պատիժը․ թիմի ավագ Պաուլ Անտոնն աջ թևից գնդակը կախեց մեր թիմի տուգանային հրապարակ, որտեղ նույն Նադիր Բենբուալին օդային պայքարում հաղթելով Ալեքսանդր Միլկովիչին, կրկին գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2:0:
Բարեբախտաբար, 82-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունն ու վերադարձնել դիմակայության ինտրիգը։ Փոխարինման մտած Միխայիլ Կովալենկոն աջ եզրից գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակում հերթապահող Մարիուս Նուբիսիին, ով էլ կրնկով գնդակը փոխանցեց դեպի հետ և Էրիկ Օկանսին անմիջապես եզրափակեց գրոհը՝ 2:1: Գանացի ֆուտբոլիստն իր նորամուտը «Փյունիկում» նշանավորեց խփած գոլով։
Ոգևորվելով խփած գոլից, րոպեներ անց մեր թիմը կարող էր խփել նաև երկրորդ գնդակը, երբ Մարիուս Նուբիսին պատ խաղարկելով Էրիկ Օկանսիի հետ, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և նրա հուժկու հարվածից հետո Պետրաշը փրկեց իր թիմին վերահաս գոլից։ Դժվար է ասել՝ ինչպես կավարտվեր դիմակայության ելքը, եթե այդ դրվագում հաջողությունն ուղեկցեր մեր թիմին։
Ցավոք, երկու րոպե անց, երբ արդեն ընթանում էր հիմնական ժամանակի վերջին րոպեն, դաշտի տերերը կարողացան խփել իրենց անհրաժեշտ երրորդ գոլն ու վերջ դնել «Փյունիկի» բոլոր հույսերին։ Պաուլ Անտոնն անկյունայինից գնդակը փոխանցեց դեպի մեր թիմի տուգանային հրապարակ ու այնտեղ խառն իրադրությունում Դանիել Շտեֆուլը դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասի իննյակը՝ 3:1։
Բաց թողած գոլից անմիջապես հետո, Եղիշե Մելիքյանը խաղը փրկելու վերջին հույսով խաղադաշտ դուրս բերեց հարձակվող Սարգիս Մեթոյանին, և հենց վերջինս էլ փոխարինման մտնելուց վայրկյաններ անց կարող էր հերոսանալ, սակայն հայտնվելով դարպասապահի դեմ, մի փոքր շեղ հարվածեց՝ կորցնելով հիանալի հնարավորությունը։
Ավելացված ժամանակի վերջին րոպեին Խավի Մորենոյի իրացրած անկյունայինից հետո, Միխայիլ Կովալենկոյի գլխով կատարած հարվածը մի փոքր բարձր ստացվեց։ Դա արդեն մեր թիմի վերջին հնարավորությունն էր այս խաղում։
«Փյունիկը» զիջեց 1:3 հաշվով (ընդհանուր դիմակայությունում՝ 3:4) ու ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում։