Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած (2:1) հաղթանակից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր կարծիքը հայտնեց խաղի մասին, ինչպես նաև խոսեց ԲԿՄԱ-ում հանդես եկող Վյաչեսլավ Աֆյանի վերադարձի ու Միխայիլ Կովալենկոյի ներկայիս դիրքի մասին։
«Կարծում եմ՝ այսօր ինքներս մեզ նման չէինք։ Իհարկե, դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, համենայնդեպս, կարելի է ասել՝ էպիզոդիկ հաջող խաղացինք։ Բայց շնորհակալ եմ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին։ Վերջին հաշվով, այսօր կարևոր էր վերջնական արդյունքը։
Այս պահին ինձ ամենաշատն անհանգստացնում է միայն արդյունքը։ Այն վերաբերմունքն ու մեր առաջադրանքների պատասխանը՝ լուծումների տեսքով, որը ես տեսնում եմ թիմից, ինձ լիովին բավարարում է։ Այսինքն՝ ֆուտբոլիստները շատ ճիշտ ու լավ արձագանք են տալիս։ Միակ անհանգստացնող բանը՝ դա արդյունքն է, որը դեռ տատանվում է։ Ես ուզում եմ ավելի կայուն արդյունք, որ մեր թիմն ավելի բարձր դիրք ունենա աղյուսակում»։
Շատ լավ կարծիքի եմ Վյաչեսլավ Աֆյանի մասին ու շատ ուրախ եմ, որ նա պատկանում է «Փյունիկին»։ Շատ շուտով ծրագրվում է նրա վերադարձը։
Այս պահին շարունակելու ենք Կովալենկոյին օգտագործել ձախ պաշտպանի դիրքում։ Չեմ ուզում ինչ-որ մեկին առանձնացնել, բայց ունենք ֆուտբոլիստներ, ովքեր իրենց խաղի մեջ կայունություն են ցույց տալիս ու Կովալենկոն նրանցից մեկն է»։