0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» դժվարին պայքարում հաղթեց ԲԿՄԱ-ին

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում «Փյունիկն» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ուժերը չափեց ԲԿՄԱ-ի հետ։

Արդեն հանդիպման 8-րդ րոպեին մեր թիմը կարող էր բացել խաղի հաշիվը, երբ Ֆիլիպե Ալմեյդայի հարվածից հետո ԲԿՄԱ-ի ավագ Արգիշտի Պետրոսյանը գնդակը հեռացրեց դատարկ դարպասից։

Բայց 12-րդ րոպեին «Փյունիկի» հերթական գրոհը պսակվեց հաջողությամբ․ Խավի Մորենո-Ալեմաո-Էրիկ Օկանսի եռաքայլ գեղեցիկ կոմբինացիայից հետո, գանացի ֆուտբոլիստն անկասելի հարվածով գնդակն ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը՝ 0։1։

38-րդ րոպեին Մարիուս Նուբիսին մրցակցի կիսադաշտում գնդակը «նվեր» ստանալով Գրենիկ Պետրոսյանից, ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն վերջնական հարվածը կատարելիս հաջող չգործեց։

Երկրորդ կեսի առաջին 15 րոպեներն անցավ բանակայինների շոշափելի առավելությամբ, և պատահական չէր, որ 57-րդ րոպեին Արթուր Ասկարյանի գոլի շնորհիվ նրանց հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը՝ 1։1։

Բաց թողած գոլից ընդամենը 2 րոպե անց, «Փյունիկն» ունեցավ հիանալի պահ կրկին առաջ անցնելու հաշվի մեջ, որին մասնակցեցին փոխարինման մտած ֆուտբոլիստները։ Սարգիս Մեթոյանի լավ փոխանցումից հետո, Մատաս Վարեյկայի հարվածը չնչին շեղությամբ դուրս անցավ դարպասաձողի կողքով։

Հաջորդ իսկ գրոհի ժամանակ նպաստավոր պահը չօգտագործեց Էրիկ Օկանսին, երբ մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, հարվածեց ուղիղ նրա վրա։

Բարեբախտաբար, մեր թիմի համառությունը տվեց իր արդյունքը․ 64-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպան Սուրեն Ծառուկյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Խավի Մորենոյի հետ պայքարում և հենց տուժողն էլ անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը՝ 1։2։

Խաղի մնացած ժամանակահատվածում թիմերը մեկական իրական պահ ստեղծեցին միմյանց դարպասների մոտ, սակայն հաշվի մեջ այլևս փոփոխություններ չեղան։

Այս հաղթանակի շնորհիվ մեր թիմը վաստակած 22 միավորով ժամանակավորապես բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղ։

Հաջորդ խաղը «Փյունիկը» կանցկացնի նոյեմբերի 21-ին՝ հյուրընկալվելով «Ուրարտուին»։

Վերջին նորություններ