Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Փյունիկը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Ալաշկերտին», որի հետ մրցաշարային աղյուսակում բաժանում էր 2-3-րդ տեղերը, սակայն անձնական խաղերի ցուցանիշով առավելություն ուներ վերջինիս նկատմամբ։
Խաղից առաջ տեղացած հորդառատ անձրևից հետո մարզադաշտի խոտածածկը ոչ այնքան լավ վիճակում էր, ինչը դժվարացրեց թիմերին ցուցադրելու ավելի որակյալ ֆուտբոլ։ Այդուհանդերձ, խաղի կարևորությունը երկու կողմերի համար էլ շատ մեծ էր, ուստի խաղն ընթացավ լարված պայքարում։
20-րդ րոպեին «Փյունիկը» կարողացավ բացել խաղի հաշիվը․ Մոմո Յանսանեն ստանալով գնդակը Էրիկ Օկանսիից, արագության հաշվին կարողացավ դուրս գալ պաշտպանի թիկունքից, ապա մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և նրա հարվածից հետո Արսեն Բեգլարյանը մի կերպ հետ մղեց գնդակը, սակայն երկրորդ փորձից Յանսանեն գնդակն ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը՝ 1։0։ Գվինեացի հարձակվողն առաջնությունում անցկացրած իր երկրորդ խաղում կարողացավ 3-րդ գոլը խփել։
Առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ «Ալաշկերտը» կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Արսեն Սադոյանի գլխով կատարած հարվածից հետո Հենրի Ավագյանը հիանալի ցատկով փրկեց մեր թիմին վերահաս գոլից։
Երկրորդ կեսում խաղն ընթացավ գրեթե առանց իրական գոլային պահերի և «Փյունիկին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն ու վաստակեց շատ կարևոր 3 միավոր։
Այս հաղթանակից հետո մեր թիմն իր ակտիվում ունի 35 միավոր և ժամանակավորապես բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։
Հաջորդ խաղը «Փյունիկը» կանցկացնի մարտի 21-ին՝ Fastex Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Արմավիրի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվելով «Ալաշկերտին»։