0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» զիջեց առաջատարի դերը

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկն» ընդունեց առաջատարներից մեկին՝ «Արարատ-Արմենիային», որին այս խաղից առաջ գերազանցում էր 2 միավորով ու հաղթելու դեպքում կկարողանար միավորներով ավելի առաջ պոկվել նրանից։

Խաղն ակտիվ սկսեցին մեր ֆուտբոլիստներն ու առաջին րոպեներին լավ պահեր ունեցան Միխայիլ Կովալենկոն և Սերգեյ Վակուլենկոն։

Սակայն 21-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք, երբ մեր թիմի տուգանային հրապարակում Խուլիո Բուենոյի գլխի հարվածից հետո գնդակը դիպավ Ալեքսանդր Միլկովիչի ձեռքին։ Գնդակին մոտեցավ Խուան Բալանտան ու նրա հարվածից հետո Հենրի Ավագյանը, թեև, հասցրեց դիպչել գնդակին, սակայն հարվածն ուժեղ էր ու հյուրերը բացեցին խաղի հաշիվը՝ 0։1։

Առաջին կեսում «Փյունիկի» գործողություններում փոքր-ինչ բացակայում էր խաղային օղակների միջև հստակ համագործակցությունը, սակայն ընդմիջումից հետո մեր թիմն արդեն այլ տեսք ուներ ու նախաձեռնությունն անցավ «Փյունիկի» կողմը։

62-րդ րոպեին հյուրերը քիչ մնաց կրկնապատկեին խաղի հաշիվը, երբ Կարեն Մուրադյանի հուժկու հարվածից հետո մեր թիմին օգնության հասավ ուղղահայաց դարպասաձողը։

Խաղավարտից 20 րոպե առաջ «Փյունիկը» ստեղծեց այս խաղում իր ամենաիրական գոլային պահը․ Էդգար Մալաքյանն ակնթարթորեն նկատեց նպաստավոր դիրքում հայտնված Մոմո Յանսանեին ու գնդակը փոխանցեց գվինեացի հարձակվողին, սակայն վերջինս չօգտվեց հիանալի հնարավորությունից՝ հարվածելով ուղիղ դարպասապահի վրա։

Իսկ ահա ավելացված ժամանակի 2-րդ րոպեին հյուրերի կազմում փոխարինման մտած Ուգո Օլիվեյրան կարողացավ գլխի հարվածով գրավել մեր թիմի անպաշտպան դարպասն ու վերջակետ դրեց հանդիպմանը՝ 0։2։

«Փյունիկը» սկզբունքային խաղում զիջեց «Արարատ-Արմենիային» ու թույլ տվեց վերջինիս մեկ միավորով շրջանցել իրեն։ Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 18-ին՝ հյուրընկալվելով «Արարատին»։

Վերջին նորություններ