«Ուրարտուի» նկատմամբ տարած (2:1) հաղթանակից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր գնահատականն է տվել խաղի վերաբերյալ ու պատասխանել լրագրողների հարցերին․
«Կարծում եմ՝ այսօր մեր լավագույն խաղն անցկացրեցինք որակական առումով։ Խաղի պլանն աշխատեց։ Ճիշտ է, վերջին 10 րոպեին լարվածություն մտավ խաղի մեջ, դա մի փոքր անհանգստացրեց, բայց բոլոր առումներով, ըստ իս՝ մենք մրցակցից ավելի լավն էինք ու արժանիորեն հաղթեցինք։
Այսօր մեծ ռիսկի էինք գնացել ու ինձ ավելի շատ առանց գնդակով խաղն ուրախացրեց, թե ինչպիսի բարձր ինտենսիվություններ, բարձր արագություններ ու ագրեսիա կար թիմի մեջ։ Հաշվի առնելով «Ուրարտուի» խաղաոճն՝ իհարկե, այդ առումով մենք գերազանցեցինք իրենց։
Ինչո՞ւ Վյաչեսլավ Աֆյանը խաղաժամանակ չի ստանում։ Ճիշտն ասած, ես խոսել եմ նրա հետ, ինձ համար էլ դա մի քիչ տհաճ իրավիճակ է, որովհետև իրականում ես էլ մեծ սպասելիքներ ունեի, և ունեմ նրանից։ Բայց հաշվի առնելով ներկայիս իրավիճակն ու չեմպիոնական մրցավազքն, այս պահին ավելի շատ առավելություն ենք տալիս փորձին։ Այդ առումով ես նրան հանգստացրել եմ, որ ինքն իր ժամանակն ունենալու է ու մենք համբերատար սպասելու ենք։ Բացի դա, որոշ խաղային իրավիճակներ կան, որ ինքը պետք է ավելացնի։ Մենք այդ մասին իր հետ խոսել ենք»։