ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի՝ մալթական «Մարսաշլոկի» դեմ պատասխան խաղից առաջ կայացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և մեր թիմի պաշտպան Միխայիլ Կովալենկոյի նախախաղային մամուլի ասուլիսը։
Ասուլիսի սկզբում լրագրողների հարցերին պատասխանեց Միխայիլ Կովալենկոն, ով նշեց, որ թիմը բավական ժամանակ է ունեցել վերականգնվելու համար և իրենք լիովին պատրաստ են վաղվա մրցավեճին։
«Ինձ համար շատ հաճելի է, որ արդեն երկար ժամանակ հանդես եմ գալիս «Փյունիկում»։ Իմ գլխավոր նպատակն է՝ եվրագավաթներում թիմի հետ հիմնական փուլ դուրս գալն ու ներքին առաջնությունում դառնալ չեմպիոն և նվաճել գավաթը։ Այսինքն, միայն ամենաբարձր նպատակներն եմ դնում իմ առջև։
Առաջին խաղում մենք վստահորեն առավելության հասանք, բայց մրցակիցն ունակ է լավ ֆուտբոլ խաղալ։ Նրանք կարողացան մի քանի սուր պահեր ստեղծել մեր դարպասի մոտ ու կարող էին գոլ խփել։ Այդ պատճառով, մենք պետք է շատ աչալուրջ լինենք յուրաքանչյուր դրվագում, որպեսզի մրցակիցը չկարողանա օգտվել մեր սխալներից։
Իմ կարիերայի ընթացքում ես ավելի շատ հանդես եմ եկել որպես ձախ եզրային պաշտպան, չնայած կարող եմ խաղալ թե՛ աջից, թե՛ կենտրոնում։ Ընդհանուր առմամբ, ինձ համար տարբերություն չկա, թե որ դիրքում կխաղամ, կարևորը՝ մշտապես հանդես գալն է։ Ամեն դեպքում, ավելի շատ նախընտրում եմ ձախ եզրում խաղալ»։
Մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը նշեց, որ անկախ առաջին խաղում գրանցված արդյունքից՝ վաղը դժվար խաղ է սպասվում ու թիմը մաքսիմալ կենտրոնացած պետք է մտնի խաղադաշտ։
«Մենք բավական դժվար թռիչք ունեցանք, բայց շատ կարևոր էր առաջին խաղում տարած հաղթանակը։ Ինչպես գիտեք, միշտ էլ հաղթական ու դրական էմոցիաներն օգնում են էլ ավելի արագ վերականգնվելուն։ Համենայնդեպս, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես թիմը լիարժեք պատրաստ է վաղվա խաղին։
Մեկ բան կարող եմ ասել․ մենք բավական լուրջ ենք տրամադրվել վաղվա խաղին ու ես տղաներից պահանջել եմ, որ ամենաբարձր կենտրոնացումով մտնեն խաղադաշտ։ Այնպես որ, նորից շատ դժվար խաղ ենք սպասում։ Ճիշտ է, առաջին խաղի արդյունքը կարող է խաբուսիկ թվալ, բայց բավական դժվարությամբ է այդ հաղթանակը մեզ տրվել ու նույն կենտրոնացումը մենք պետք է ունենանք նաև վաղվա խաղում։
Օգտվելով առիթից՝ կցանկանայի նորից շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք աջակցեցին մեզ Մալթայում: Եվ իմ խնդրանքն ու կոչն է մեր երկրպագուներին՝ աջակցել մեզ, ուժ և էներգիա տալ, որովհետև իրականում ֆուտբոլի ամենակարևոր դեմքերը, համենայնդեպս ինձ համար՝ երկրպագուներն են, որոնք իմաստավորում են այս խաղը։ Դրա համար կոչ եմ անում ներկա գտնվել և քաջալերել մեզ»։