ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի մրցաշարի մեկնարկից առաջ «Փյունիկ Աղջիկներ» թիմը համալրվել է 6 նոր ֆուտբոլիստուհով։
Ամերիկուհի Ամբեր Լոքվուդը դարպասապահ է։ Նախորդ մրցաշրջանում Ամբերը ելույթ է ունեցել Պորտուգալիայի կանանց առաջնության մասնակից «Դամաիենսե» թիմի կազմում։
Կարինե Եղյանը որոշակի դադարից հետո կրկին վերադարձել է «Փյունիկ Աղջիկներ»։ Նա մեր թիմի կազմում երկու անգամ անընդմեջ՝ 2023/24 և 2024/25 մրցաշրջաններում, դարձել է Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն։
Արգենտինուհի Կարլա Սկանիոն, որը խաղում է որպես կենտրոնական պաշտպան, նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս արգենտինական «Սան Լուիս» թիմում։
Բրազիլուհի Լուրդես Ռոբերտան նույնպես հանդես է գալիս պաշտպանության գծում։ Նախորդ մրցաշրջանի առաջին հատվածը նա անցկացրել է ուկրաինական Ուման քաղաքի «Պանտերա» թիմում։
Ճապոնուհի Միշա Կոյարին հենակետային կիսապաշտպան է: Նրա նախորդ թիմը եղել է Սլովակիայի կանանց Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Պարտիզան Բարդեյովը»։
Իզաբելլա Մանե Ներսեսյանը Հայաստանի կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստուհի է։ 2025/26 մրցաշրջանում Իզաբելլան պաշտպանել է լեհական ԿԿՊ «Վարշավա» թիմի գույները։
«Փյունիկ Աղջիկները» բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում մեր նորեկներին։