0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» նվազագույն հաշվով զիջեց «Դեբրեցենին»

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում մեր թիմին բաժին էր հասել հունգարական «Դեբրեցենը», որի հետ դիմակայության առաջին խաղը կայացավ Հունգարիայում։

Մալթական «Մարսաշլոկի» դեմ երևանյան նախորդ խաղի համեմատ Արտակ Օսեյանը «Փյունիկի» գրոհների կրակագծում Յասոնաս Պիկիսի փոխարեն կրկին տեղ էր հատկացրել Մոմո Յանսանեին։

Հարկ է նշել, որ մեր թիմի մեկնարկային կազմում տևական ժամանակ անց եվրագավաթային հանդիպմանը կրկին խաղադաշտ էր դուրս եկել որակազրկումից վերադարձած Խամես Սանթոսը, որը «Փյունիկի» կազմում կարմիր քարտ էր ստացել դեռևս 2 տարի առաջ կայացած Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ սլովենական «Ցելյեի» դեմ պատասխան խաղում։

Արդեն 12-րդ րոպեին «Փյունիկը» քիչ մնաց հաջողության հասներ, երբ Խամես Սանթոսի՝ ձախ թևից ճեղքումից ու սուր փոխանցումից հետո գնդակը հայտնվեց Արտակ Դաշյանի մոտ, որի ուժգին հարվածը չհասավ նպատակին։ Տեղին է հիշել, որ գրեթե նույն դիրքից Արտակը 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականի կազմում գրավել էր Թուրքիայի հավաքականի դարպասը։

Ցավոք, առաջին կեսի միջնամասում Դաշյանը վնասվածք ստացավ ու ի վիճակի չէր շարունակելու հանդիպումը։ Դա, անկասկած, լուրջ կորուստ էր մեր թիմի համար։

31-րդ րոպեին դաշտի տերերն առաջին անգամ լրջորեն սպառնացին «Փյունիկի» դարպասին․ Գերգեյ Տերցան աջ եզրից գնդակն ուղարկեց մեր թիմի տուգանային հրապարակ, և Դոմինիկ Կոչիշի գլխով կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից։

Ընդհանուր առմամբ, առաջին կեսում մեր թիմն ավելի լավ տեսք ուներ, ու գրոհների եզրափակիչ փուլում փոքր-ինչ ավելի նպատակաուղղված գործելու դեպքում «Փյունիկը» կարող էր հայտնվել հաղթողի դերում։

Ընդմիջումից հետո «Դեբրեցենն» ակտիվացավ ու սկսեց ավելի սուր գործել։ Հունգարական թիմի կազմում լավ պահեր ունեցան Գերգեյ Տերցան և Սերխի Սամպերը։

Դրանից հետո «Փյունիկը» 56-րդ րոպեին արագ հակագրոհ ձեռնարկեց, և Միխայիլ Կովալենկոն գնդակը կախեց «Դեբրեցենի» տուգանային հրապարակ, ու Դանիիլ Կուլիկովի գլխով կատարած հարվածից հետո մրցակցի դարպասապահ Պլամեն Անդրեևը փրկեց իր թիմին։

Ընդամենը 2 րոպե անց դաշտի տերերը կարող էին բացել խաղի հաշիվը, երբ «Փյունիկի» տուգանային հրապարակում առաջացած խառնաշփոթ իրավիճակում «Դեբրեցենի» ֆրանսիացի նորեկ Սոհան Բալդոնիի հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց մեր թիմի դարպասում։

Անմիջապես հաջորդ գրոհի ժամանակ հունգարական թիմը կարողացավ բացել խաղի հաշիվը։ Ընդ որում, գոլը ստեղծվեց, կարելի է ասել, մեր թիմի «նվիրատվությունից»։ Նիկոլաոս Կայնուրգիոսը սեփական տուգանային հրապարակից անհաջող փոխանցում կատարեց, ինչից հետո «Դեբրեցենի» ֆուտբոլիստները, տիրելով գնդակին, այն հասցեագրեցին Ֆլորիան Ցիբլային, որն էլ տուգանայինի մատույցներից կատարած անկասելի հարվածով գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասի հեռավոր վերին անկյունը՝ 1-0։

Բաց թողած գոլից հետո 65-րդ րոպեին «Փյունիկը» հրաշալի հնարավորություն ուներ հավասարեցնելու հաշիվը, սակայն Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։

Իսկ ահա խաղի մնացած ժամանակահատվածում մրցակիցը, օգտվելով մեր պաշտպանների թողտվությունից, կարող էր ևս երկու անգամ պատժել մեր թիմին, բայց, բարեբախտաբար, Ֆլորիան Ցիբլայի ու Դոմինիկ Կոչիշի հարվածներից հետո բախտը ժպտաց մեր թիմին։

«Դեբրեցենը» կարողացավ դիմակայության առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տանել, սակայն «Փյունիկն» իր ցուցադրած խաղով հույս ներշնչեց, որ պատասխան խաղում ի զորու է հաղթահարել հունգարական թիմի արգելքը։

Վերջին նորություններ