0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

1 մայիս, 15:00, Երևան, Ավանի ֆուտբոլի ակադեմիա, 30-րդ տուր

1-ին շրջան (Տուր 3). 19.08.2018 «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» 3-1 Գոլեր՝ Իվայլո Դիմիտրով, 39, 11մ (0-1), Հովհաննես Իլանգյոզյան, 45 (1-1), Վիտալի Ստեժկո, 58 (2-1), Մոհամեդ Կոնատե, 85 (3-1)

2-րդ շրջան (Տուր 12). 21.10.2018 «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» 0-0

3-րդ շրջան (Տուր 21). 06.03.2019 «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» 0-3 Գոլեր՝ Գեորգի Պաշով, 12 (0-1), Ջիովաննի Մարտինես Կորտես, 26 (0-2), Անտոն Կոբյալկո, 65 (0-3)

Առաջնության վերջին 3 հանդիպումներում «Փյունիկն» իր միավորների պաշարն ավելացրեց 9 միավորով՝ տանելով 3 անընդմեջ հաղթանակ և շարունակում է պայքարը չեմպիոնի կոչման համար:

Հատկանշական է, որ բոլոր 3 խաղերում էլ «Փյունիկին» խաղավերջում հաղթանակ են պարգևել փոխարինման մտած ֆուտբոլիստները:

Ընթացիկ առաջնությունում մեր թիմը վերջին անգամ նման հաղթանակների շարք ունեցել էր 3-ից մինչև 5-րդ տուրը, երբ 3 անընդմեջ հաղթանակներից հետո գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Առաջիկա 30-րդ տուրում կկայանա ինչպես տուրի, այնպես էլ առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը, որը խոստանում է որոշակի պարզություն մտցնել առաջնության հաղթողի հարցում. մեր թիմը հյուրընկալվելու է առաջնության առաջատար՝ «Արարատ-Արմենիային»:

Դատելով մրցաշարային աղյուսակի իրավիճակից, այս հանդիպումը կարելի է որակել՝ «խաղ 6 միավորի համար»: Հաղթանակի դեպքում «Փյունիկը» միավորներով կհավասարվի «Արարատ-Արմենիային», և դեռ ավելին, միմյանց միջև անձնական հանդիպումներում ունեցած լավագույն ցուցանիշի շնորհիվ կշրջանցի առաջնության առաջատարին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Հակառակ դեպքում, եթե այս խաղում հաջողությունը ժպտա «Արարատ-Արմենիային», ապա վերջինս արդեն 6 միավորի առավելություն կստանա «Փյունիկի» նկատմամբ և մնացած 5 հանդիպումներում գործնականում դժվար կլինի հասնել նրան:

Ընթացիկ առաջնությունում թիմերն արդեն 3 անգամ հանդիպել են միմյանց հետ. առայժմ «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» տարել են մեկական հաղթանակ և մեկ խաղում էլ թիմերը չեն կարողացել պարզել հաղթողին:

Նախորդ տարվա օգոստոսի 19-ին, Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում, մեր թիմը հանդես գալով ոչ իր հիմնական կազմով և առաջին կեսի միջնամասից խաղալով 10 հոգով և զիջելով հաշվի մեջ (սեփական տուգանային հրապարկում ձեռքով խաղի համար դաշտից հեռացվել էր Ռոբերտ Մինասյանը), այդուհանդերձ կարողացավ 3-1 հաշվով կամային հաղթանակ տանել: «Փյունիկի» կազմում այդ խաղում գոլերի հեղինակներ դարձան Հովհաննես Իլանգյոզյանը, Վիտալի Ստեժկոն և Մոհամեդ Կոնատեն:

Ավելորդ չէ նշել, որ դա «Փյունիկի» առաջին հանդիպումն էր ընթացիկ առաջնությունում, քանի որ Եվրոպա լիգայի խաղարկության հանդիպումներով պայմանավորված` մեր թիմի մասնակցությամբ առաջնության առաջին 2 տուրերի հանդիպումները հետաձգվել էին:

Իսկ ահա 2-րդ շրջանի կայացած խաղում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 21-ին, «Փյունիկը» կրկին «Հանրապետական» մարզադաշտում, այս անգամ հյուրընկալվողի դերում հանդես գալով գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ:

Երկու թիմերի վերջին հանդիպումը կայացել է մարտի 6-ին՝ Բարձրագույն խմբի 21-րդ տուրում, որտեղ «Փյունիկը» սեփական հարկի տակ անսպասելի 0-3 հաշվով պարտություն կրեց:

«Արարատ-Արմենիայի» հետ այս մրցաշրջանում 4-րդ հանդիպումը կկայանա մայիսի 1-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում: Հանդիպման սկիզբը՝ ժամը 15-00:

Ավելացնենք, որ «Փյունիկի» կազմում առաջիկա խաղին կկարողանա մասնակցել պաշտպան Վիտալի Ստեժկոն, ով նախորդ հանդիպումը բաց էր թողել որակազրկման պատճառով: Ինչպես ավելի վաղ նշվել էր, մեր թիմի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը՝ «Գանձասար-Կապանի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո առաջնության մնացած հանդիպումներում այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:

Վերջին նորություններ