
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ է վերադարձել սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:
Միլկովիչը Սերբիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկի՝ Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում նա 4 անգամ (2008/09, 2010/11, 2011/12 և 2012/13 թթ.) դարձել է Սերբիայի չեմպիոն և կրկնակի (2008/09 և 2010/11 թթ.) գավաթակիր։
«Պարտիզանի» կազմում Միլկովիչը հանդես է եկել Չեմպիոնների Լիգայի 2010/11, Եվրոպա Լիգայի 2012/13 և Կոնֆերենցիաների Լիգայի 2021/22 թթ․ խաղարկությունների խմբային փուլերում։
35-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև սերբական «Տելեօպտիկում», «Մետալացում», պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», ռուսական «Ամկարում» և լեհական «Մեձ Լեգնիցայում»:
2019/20 թթ․ մրցաշրջանում փորձառու պաշտպանը ելույթ է ունեցել Երևանի «Ալաշկերտում»՝ մասնակցելով 14 հանդիպման։
2022 թվականի օգոստոսին Ալեքսանդր Միլկովիչը տեղափոխվել է «Փյունիկ» և մեր թիմի կազմում հանդես է եկել Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23 թթ. խաղարկության խմբային փուլում։ Սերբ պաշտպանն աստիճանաբար դարձել է մեր թիմի պաշտպանության առանցքային ֆուտբոլիստներից։ Իր վերջին խաղը «Փյունիկում» նա անցկացրել էր 2023 թվականի հուլիսի 27-ին, Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 2-րդ փուլի շվեդական «Կալմարի» հետ (2:1) խաղում։
Ալեքսանդր Միլկովիչի նախորդ թիմը՝ Երևանի «Նոան» էր, որի կազմում խաղացել է նախորդ 2 տարիներին։ 2024/25 թթ. մրցաշրջանում նա «Նոայի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության Լիգայի փուլում։
Միլկովիչը ժամանակին ելույթ է ունեցել նաև Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում և 5 հանդիպում է անցկացրել Սերբիայի երիտասարդական հավաքականում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ալեքսանդր Միլկովիչին։