
Հուլիսի 10-ին «Փյունիկը» կանցկացնի նոր մրցաշրջանի իր առաջին խաղը՝ պայքարը սկսելով Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում, որտեղ մեր թիմի մրցակիցն է՝ Սան Մարինոյի «Տրե Ֆիորի» թիմը։ Դիմակայության առաջին խաղը կայանալու է Սան Մարինոյում, պատասխան խաղը՝ հուլիսի 17-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
«Տրե Ֆիորի» ակումբը ստեղծվել է 1949 թվականին և ներկայացնում է երկրի ինը ամրոցներից մեկը՝ Ֆիորենտինոն։ Թիմի անվանումն իտալերենից թարգմանաբար նշանակում է՝ «Երեք ծաղիկներ», որը պատկերված է նաև ակումբի տարբերանշանի վրա։
Թիմն իր տնային հանդիպումներն անցկացնում է Ֆիորենտինոյում գտնվող Ֆեդերիկո Կրեսենտինիի անվան մարզադաշտում, սակայն եվրոգավաթային խաղերն ընդունում է Սան Մարինոյի համանուն մարզադաշտում։
«Տրե Ֆիորին» Սան Մարինոյի ամենատիտղոսակիր թիմն է. 8 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 8 անգամ՝ գավաթակիր և 6 անգամ՝ սուպերգավաթակիր։ Թիմը վերջին անգամ Սան Մարինոյի առաջնությունում հաղթել է 2019/20 թթ․ մրցաշրջանում։ Մեր մրցակիցը Սան Մարինոյի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
«Տրե Ֆիորին» նախորդ տարվա հուլիսից գլխավորում է իտալացի 42-ամյա մարզիչ Դանիլո Ջիրոլոմոնին, իսկ թիմի ամենափորձառու ֆուտբոլիստներն են՝ 38-ամյա դարպասապահ Միկելե Նարդին և 36-ամյա հարձակվող Մատեո Պրանդելին է, ով հանդիսանում է նաև թիմի ավագը։ Պրանդելին խփած 18 գնդակով դարձել է Սան Մարինոյի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն։
Ակումբն իր պատմության ընթացքում 8-րդ անգամ հանդես կգա եվրոգավաթների խաղարկություններում։ «Տրե Ֆիորին» իր նորամուտը եվրոգավաթներում նշել է Չեմպիոնների լիգայի 2009/10 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում, որտեղ հանդիպել էր Անդորրայի «Սանտա Խուլիա» թիմի հետ։ Դիմակայության երկու խաղերում էլ գրանցվել էր ոչ-ոքի՝ 1։1, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Տրե Ֆիորին» զիջել էր մրցակցին։
2018 թվականին «Տրե Ֆիորին» դարձել է Սան Մարինոն ներկայացնող առաջին թիմը, որը հաղթահարել է եվրոգավաթների խաղարկության նախնական փուլը՝ Եվրոպա լիգայի խաղարկությունում երկու խաղերի արդյունքով (3:0, 0:1) առավելության հասնելով Ուելսի «Բալա Թաունի» նկատմամբ։ Ընդ որում, Սան Մարինոյի թիմերից՝ «Տրե Ֆիորին» ամենաշատն է գոլ խփել եվրոգավաթներում (8 գոլ)։
Նշենք, որ եվրոգավաթների խաղարկություններում «Փյունիկի» համար սա կլինի երկրորդ հանդիպումը Սան Մարինոն ներկայացնող թիմերի հետ։ Դեռևս 10 տարի առաջ՝ Չեմպիոնների լիգայի 2015/16 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում մեր թիմը հանդիպել էր Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» հետ։ Թիմերի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում կարողացել էր 2։1 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ շնորհիվ Վարդգես Սաթումյանի և Սեսար Ռոմերոյի գոլերի։ Պատասխան խաղում մեր թիմը կրկին հաղթեց 2։1 հաշվով, իսկ «Փյունիկից» աչքի ընկան Կամո Հովհաննիսյանն ու Վարդգես Սաթումյանը։