Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Տրե Ֆիորիի» դեմ խաղից առաջ կայացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և թիմի դարպասապահ Հենրի Ավագյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Կարճատև դադարից հետո «Փյունիկ» վերադարձած Հենրի Ավագյանը խոսեց թիմում տեղի ունեցած փոփոխությունների, իր մարզավիճակի և սպասվող եվրոպական հանդիպումներից իր ակնկալիքների մասին։
«Ուրախ եմ վերադարձիս համար։ Թիմում որոշակի փոփոխություններ կան խաղացողների մասով, բայց ընդհանուր գաղափարներն ու նպատակները մնացել են նույնը։ Մելիքյանի հետ երկու տարի աշխատել եմ և շատ լավ գիտեմ՝ ինչ արժեքներ ունի այս թիմը։ Սպասելիքները, ինչպես միշտ, բարձր են։ Մրցակցի մասին չեմ ուզում խոսել, ավելի շատ մտածում ենք մեր խաղի մասին։ Պետք է դրսևորենք մեր լավագույն որակները և հասնենք դրական արդյունքի», — նշեց Հենրի Ավագյանը։
Եղիշե Մելիքյանը, խոսելով վրաստանյան հավաքի մասին՝ ներկայացրեց թիմի ընթացիկ վիճակն ու նախապատրաստությունը.
«Ուշ ստացվեց մեր սելեկցիան, ինչի հետևանքով որոշ բաներ չենք հասցրել հավաքի ընթացքում։ Բայց հիմա կենտրոնացած ենք աշխատում, որ պաշտոնական խաղերում խնդիրներ չունենանք։ Թիմը լավ է հավաքված։ Բոլորի մոտ տեսնում եմ կենտրոնացում ու նպատակ։ Գարունն իր ազդեցությունն է թողել, և հիմա աշխատում ենք փոխել թե՛ կարծիքները, թե՛ վիճակագրությունը, թե՛ արդյունքները։ Նպատակը մնում է նույնը՝ խմբային փուլ մտնելը»։ Խոսելով մրցակցի մասին՝ մարզիչը ընդգծեց․
«Ոչ մի թիմ չի կարելի թերագնահատել։ Մրցակիցը մի քանի նոր ֆուտբոլիստով է համալրվել։ Այսօր մոտիվացիան ֆուտբոլում վճռորոշ գործոն է։ Մենք պատրաստ ենք և ցանկանում ենք հաղթել»։