Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկն» ընդունել էր Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին»։ Առաջին խաղում կրած դառը պարտությունից հետո, մեր թիմը պարտավոր էր ոչ միայն մրցակցին հաղթել երկու գնդակի տարբերությամբ, այլև վերականգներ սասանված հեղինակությունը։
Առաջին խաղի համեմատ, Եղիշե Մելիքյանը 4 փոփոխություն էր կատարել «Փյունիկի» մեկնարկային կազմում. Ալեքսանդր Միլկովիչի, Դանիիլ Կուլիկովի, Վագներ Գոնսալվեշի և Սարգիս Մեթոյանի փոխարեն՝ մեկնարկային րոպեներից խաղադաշտ էին դուրս եկել Նիկոլաոս Կայնուրգիոսը, Դանիել Աղբալյանը, Խավի Մորենոն և Մարիուս Նուբիսին։
Խաղի հենց սկզբից մեր թիմը նետվեց առաջ ու արդեն 3-րդ րոպեին Խավի Մորենոյի հարվածն առաջին ահազանգն էր «Տրե Ֆիորիի» դարպասի մոտ։ Րոպեներ անց արդեն Խավի Մորենոն անկյունայինից գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ և Նիկոլաոս Կայնուրգիոսը քիչ մնաց գլխի հարվածով բացեր խաղի հաշիվը, եթե իր թիմին չփրկեր դարպասապահ Միկելե Նարդին։
13-րդ րոպեին Դանիել Աղբալյանի հետ պայքարում «Տրե Ֆիորիի» ավագ Մատեո Պրանդելին ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում և մրցավար Ֆլորիան Լատան առանց վարանելու նշանակեց 11 մետրանոց հարված։ Այն հստակորեն իրացրեց Յուսուֆ Օտուբանջոն և դիմակայության ընդհանուր հաշիվը հավասարվեց։
24-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց նաև կրկնապատկել իր առավելությունը։ Խավի Մորենոն, ով ամենաակտիվներից մեկն էր մեր թիմի կազմում, աջ թևում կարողացավ ձերբազատվել պաշտպանների հսկողությունից ու հարվածի դուրս բերեց գրոհին միացած Ալեմաոյին, իսկ վերջինս էլ մեկ հպումով գնդակն ուղարկեց «Տրե Ֆիորիի» դարպասը՝ 2։0։
39-րդ րոպեին «Տրե Ֆիորիի» խաղացող Լուկա Սենսոնին սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Մարիուս Նուբիսիի դեմ և մրցավարը երկրորդ անգամ ցույց տվեց 11 մետրանոց նշակետը։ Հենց տուժողն էլ հստակորեն իրացրեց 11 մետրանոցը՝ խփելով իր առաջին գոլը մեր թիմում։ Գործնականում «Փյունիկն» արդեն առաջին կեսում լուծեց դիմակայության հարցը։
Ընդմիջումից հետո մեր ֆուտբոլիստները խնդիրն արդեն լուծված համարելով, այլևս չէին գրոհում նույն տեմպով, իսկ հյուրերն ի տարբերություն առաջին կեսի՝ փոքր ինչ ակտիվացան և 54-րդ րոպեին ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, երբ մեր տուգանային հրապարակում գնդակը դիպավ Ալեմաոյի ձեռքին։
Գնդակին մոտեցավ թիմի ավագ Մատեո Պրանդելին, բայց, բարեբախտաբար, Հենրի Ավագյանը հիանալի ռեակցիա դրսևորելով, կռահեց հարվածի ուղղությունը։
64-րդ րոպեին վնասվածքից ապաքինվելուց հետո տևական ժամանակ անց խաղադաշտ դուրս եկավ Մատաս Վարեյկան։ Լիտվացի ֆուտբոլիստն անմիջապես ներգրավվեց խաղի մեջ ու դրվագներից մեկում ձախ թևով նրա ձեռնարկած անցումից ու հարվածից հետո, «Տրե Ֆիորիին» օգնության հասավ դարպասաձողը։
Այդուհանդերձ, 85-րդ րոպեին Մատաս Վարեյկան կրկին իր եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ ու գնդակը հասցեագրեց Յուսուֆ Օտուբանջոյին, ով էլ հաշիվը դարձրեց 4։0։ Հատկանշական է, որ այդ գոլը նիգերիացի հարձակվողի համար 7-րդն էր «Փյունիկի» կազմում եվրագավաթային խաղերում և այդ ցուցանիշով նա դարձավ եվրագավաթներում մեր թիմի լավագույն ռմբարկուն։
Խաղավարտից 2 րոպե առաջ, Սարգիս Մեթոյանի փոխանցումից հետո մրցակցի ֆուտբոլիստ Դիեգո Մորետին գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ 5։0։
«Փյունիկը» համոզիչ հաշվով ռևանշի հասավ «Տրե Ֆիորիի» նկատմամբ ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ։ Ի դեպ, դա «Փյունիկի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր եվրագավաթային հանդիպումներում։
Ավելացնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում մեր թիմը կմրցի հունգարական «Դյորի» հետ։ Թիմերի առաջին խաղը կկայանա հուլիսի 24-ին, Երևանում։ Պատասխան խաղը՝ հուլիսի 31-ին, Հունգարիայի Դյոր քաղաքում։