Միջազգային հանդիպումներով պայմանավորված կարճատև դադարից հետո, վերսկսվեց Fastex Պրեմիեր լիգայի առաջնությունը։
Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում՝ «Փյունիկն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել էր գործող չեմպիոն «Նոային»։
Ցավոք, ինչպես նախորդ խաղում, այս անգամ էլ՝ մեր թիմը հենց հանդիպման մեկնարկային րոպեներին գոլ ընդունեց սեփական դարպասը, և երկու դեպքում էլ գոլը գրանցվել է 3-րդ րոպեին։ Մարին Յակոլիշ-Տակուտո Օշիմա-Հելդեր Ֆերեյրա եռաքայլ կոմբինացիայից հետո, Յակոլիշը մեն-մենակ դուրս եկավ Ստանիսլավ Բուչնևի դեմ, շրջանցեց վերջինիս ու գնդակն ուղարկեց դատարկ դարպասը՝ 1։0։ Մինչ այդ, Յակոլիշը ձեռքով հարվածել էր Ալեմաոյի դեմքին, սակայն գլխավոր մրցավարը VAR-ի կրկնապատկերը դիտելուց հետո չփոխեց իր որոշումը։
Խփած գոլից հետո դաշտի տերերը ևս մեկ լավ պահ ունեցան, երբ Գուստավո Սանգարեն աջ թևից ներխուժեց մեր թիմի տուգանային հրապարակ և նրա հարվածից հետո հաջող խաղաց Ստանիսլավ Բուչնևը։
16-րդ րոպեին «Փյունիկն» առաջին լուրջ պահը ստեղծեց «Նոայի» դարպասի մոտ։ Ալեմաոն ստանդարտ դիրքից գնդակը փոխանցեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ և մեր թիմի պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդան նպաստավոր դիրքից գլխով մի փոքր շեղ հարվածեց։
10 րոպե անց, Խավի Մորենոյի իրացրած անկյունայինից հետո արդեն Միխայիլ Կովալենկոն կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց նրա գլխով կատարած հարվածը բարձր ստացվեց։
Ընդմիջումից հետո «Նոայի» կազմում իր ակտիվությամբ կրկին աչքի էր ընկնում Յակոլիշն, ով երկու անգամ վտանգավոր հարված կատարեց մեր թիմի դարպասին։
62-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը։ Խավի Մորենոն ստանալով գնդակը Դանիել Աղբալյանից, կարողացավ ձերբազատվել պաշտպանների հսկողությունից ու գնդակը փոխանցեց դեպի «Նոայի» տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ Գևորգ Տարախչյանն ուժգին հարվածով ոչ մի շանս չթողեց Օգնյեն Չանչարևիչին՝ խփելով իր առաջին գոլը «Փյունիկում»։
Սակայն մեր թիմի ուրախությունը կարճ տևեց․ ընդամենը 2 րոպե անց Մարին Յակոլիշը գնդակը փոխանցեց Հելդեր Ֆերեյրային, ով էլ մեկ հպումով այն ուղարկեց «Փյունիկի» դարպասը՝ 2։1։
72-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում Մատաս Վարեյկան վայր ընկավ Յան Էտեկիի հետ պայքարում, սակայն մրցավար Արտակ Վարդանյանի սուլիչը լուռ էր։
Իսկ 79-րդ րոպեին դաշտի տերերի իրացրած անկյունայինից հետո գնդակը պատահաբար դիպավ Դանիել Աղբալյանին ու հայտնվեց մեր թիմի դարպասում՝ 3։1։ Խաղի մնացած ժամանակում այլևս հաշվի մեջ փոփոխություններ չեղան։
Չնայած պարտությանը՝ մեր թիմը գրեթե ոչնչով չզիջեց չեմպիոնին, պարզապես մրցակիցը կարողացավ արդյունավետ իրացնել իր պահերը։
«Փյունիկը» հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 20-ին՝ տանն ընդունելով ԲԿՄԱ-ին։