0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Lոռի» խաղին ընդառաջ

26 սեպտեմբեր, 19:30, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 1-ին տուր

«Փյունիկը» շարունակում է ոչ այնքան հաջող հանդես գալ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մեկնարկում: Հերթական տուրում մեր թիմը անհաջողության մատնվեց «Նոայի» դեմ խաղում՝ սեփական հարկի տակ պարտություն կրելով 1-2 հաշվով:

Վերջին անգամ «Փյունիկը» նման անհաջող մեկնարկ ունեցել էր 2017/18թթ. առաջնությունում, երբ առաջին 3 տուրերում վաստակելով 5 միավոր, այնուհետև կրել էր 5 անընդմեջ պարտություն:  

«Նոայի» դեմ խաղում Արթուր Միրանյանն իր 3-րդ գնդակը խփեց ընթացիկ առաջնությունում և հավասարվեց «Փյունիկի» ռմբարկուներ Արտյոմ Սիմոնյանին և Դենիս Մահմուդովին, ովքեր նույնպես դարձել են 3 գոլի հեղինակ: 

Առաջնության շրջանակներում իր հաջորդ հանդիպումը մեր թիմն անցկացնելու է առաջիկա հինգշաբթի օրը՝ 1-ին տուրից հետաձգված խաղում ընդունելով Վանաձորի «Լոռիին»։ Այդ խաղը չէր կայացել Եվրոպա լիգայում «Փյունիկի» ելույթներով պայմանավորված:

Պետք է նշել, որ վանաձորյան ակումբը նախորդ առաջնությունում «Փյունիկի» ամենաանհարմար մրցակիցներից մեկն էր:

Կայացած 4 խաղերից 2-ում հաջողությունը ժպտացել էր «Լոռիին», ընդ որում, երկու դեպքում էլ «Լոռին» հաղթանակ էր տարել հյուրընկալվելիս, իսկ գավաթի խաղարկությունում մեր թիմին պայքարից դուրս էր թողել հենց վանաձորյան թիմը:

«Փյունիկի» համար հատկապես ճակատագրական դարձավ 4-րդ խաղաշրջանի հանդիպումը, երբ մեր թիմն այդ խաղում մրցավարական դավադրության զոհը դարձավ՝ զրկվելով 2 միավորից և այդպիսով կորցնելով չեմպիոն դառնալու իրական հնարավորությունը:

Ընթացիկ առաջնությունում «Լոռիի» դեմ առաջին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 19:30-ին:

Ավելացնենք, որ «Լոռիի» դեմ խաղը որակազրկման պատճառով բաց կթողնի մեր թիմի պաշտպան Քրիստի Մարկուն, ով «Նոայի» դեմ խաղում ստացած երկու զգուշացման պատճառով հեռացվել էր խաղադաշտից:

Վերջին նորություններ