0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Արարատ» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

Օգոստոսի 16, 19:30, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 1-ին տուր

Վաղը «Փյունիկն» իր մրցելույթները կսկսի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/21թթ. առաջնությունում: Այս մրցաշրջանից սկսած այն արդեն նոր անվանում ունի և կանցկացվի նոր ձևաչափով՝ 3 խաղաշրջանով։

Նախորդ առաջնությունը շատ անհաջող դասավորվեց մեր թիմի համար։ «Փյունիկն» իր գոյության ընթացքում վատագույն ցուցանիշը գրանցեց առաջնությունում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը։ Բացի այդ, մեր թիմը վերջին 18 տարիներին առաջին անգամ զրկվեց եվրոգավաթների ուղեգրից։

Նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, «Փյունիկը» ուսումնամարզական հավաք անցկացրեց Դիլիջանում։ Նախքան հավաքի մեկնարկը, մեր թիմն ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։ Դիլիջանյան ուսումնամարզական հավաքի ընթացքում «Փյունիկը» 0-2 հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին», ապա 2-4 հաշվով զիջեց առաջնության նորեկ «Վանին», իսկ մինչմրցաշրջանային փուլի վերջին ընկերական խաղում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Վեսթ-Արմենիայի» հետ։

Նոր մեկնարկած VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Փյունիկը» հյուրընկալվելու է «Արարատին»։

Նախորդ առաջնությունում թիմերի միջև կայացած խաղերում բացահայտ առավելությունը եղել է «Արարատի» կողմը։ Առաջին խաղաշրջանում արարատցիները հյուրընկալվելիս հաղթել էին 4-1 հաշվով, իսկ երկրորդ խաղաշրջանում՝ 4-2։

Նշենք, որ նախորդ առաջնության գարնանային փուլի համեմատ մեր թիմից հեռացել են 15 ֆուտբոլիստներ։ Իսկ ահա նոր մրցաշրջանից առաջ «Փյունիկի» շարքերն են համալրել՝ Գոռ Մալաքյանը, Անտոն Կոբյալկոն, Ալեքսանդր Պրիմաել Յոլեն, Արտյոմ Ավանեսյանը, Արթուր Գրիգորյանը, Մուհամեդ Յուսուֆ Լադանը և Ստանիսլավ Բուչնևը։ Ի դեպ, վերջին երկուսը առաջիկա խաղին մասնակցելու դեպքում իրենց նորամուտը կնշեն Հայաստանի առաջնությունում։

Փոփոխություններ են կատարվել նաև մեր թիմի մարզչական շտաբում։ Ռոման Բերեզովսկու փոխարեն «Փյունիկի» գլխավոր մարզչի ղեկը ստանձնել է Արտակ Օսեյանն, ով 2016/17թթ. մրցաշրջանում արդեն գլխավորել է մեր թիմը։

Ինչպես ավելի վաղ նշվել էր, «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում իր տնային խաղերը կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում։

Ավելացնենք, որ «Արարատ» - «Փյունիկ» խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 19։30-ին։

Խաղը կսպասարկի Աշոտ Ղալթախչյանը։

Վերջին նորություններ