
Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ տուրի շրջանակներում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Բանանցին»:
Հանդիպման սկիզբը շատ անհաջող դասավորվեց «Փյունիկի» համար: Արդեն 3-րդ րոպեին «Բանանցի» ավագ Վահագն Այվազյանը մոտ 30 մետրից կատարած շեշտակի հարվածով անակնկալի բերեց Անդրիյա Դրագոևիչին՝ 1-0:
Բաց թողած գոլից հետո մեր թիմը շուրջ 20-25 րոպե տիրում էր խաղային և տարածքային առավելությանն՝ այդ ընթացքում ստեղծելով մի քանի վտանգավոր պահեր: Առաջին լուրջ սպառնալիքը մեր թիմը «Բանանցի» դարպասի մոտ ստեղծեց 11-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո Վիտալի Ստեժկոն գլխի հարվածով փորձեց գրավել դարպասը, բայց «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը մատների ծայրերով շեղեց գնդակի ուղղությունը՝ փրկելով իր թիմին վերահաս գոլից:
«Փյունիկի» կազմում մրցակցի դարպասին 2 անգամ հեռահար հարվածներով սպառնացին Վյաչեսլավ Դմիտրիևն ու Դենիս Տալալայը, բայց երկու դեպքում էլ Հայրապետյանն իր տեղում էր:
Մեր թիմի ձախ թևում շատ ակտիվ էր Էրիկ Վարդանյանը, ով մի քանի դրվագներում փորձում էր խաբուսիկ հնարքներով ձերբազատվել «Բանանցի» պաշտպաններից: Սակայն նա առաջին կեսում չկարողացավ շարունակել խաղը և փոխարինվեց:
Դաշտի տերերը խփած գոլից հետո առաջին կեսում իրենց միակ վտանգավոր հարվածը կատարեցին 31-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ Վահագն Այվազյանի հեռահար հարվածն այս անգամ խնդիրներ չառաջացրեց Անդրիյա Դրագոևիչի համար:
Ընդմիջման գնալուց առաջ մեր թիմը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն փոխարինման մտած Ուսմանի կրկնով հարվածը թույլ ստացվեց և Արամ Հայարապետյանն առանց դժվարության տիրեց գնդակին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկը նշանավորվեց «Փյունիկի» գրոհներով: Մեր ֆուտբոլիստները 2 հիանալի պահ ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, բայց մի դեպքում Ալիկ Առաքելյանը ձախ թևից մեն-մենակ դուրս գալով Հայրապետյանի դեմ հարվածեց ուղիղ նրա վրա, իսկ Դմիտրիևի մոտ տարածությունից կատարած գլխով հարվածը մի փոքր բարձր ստացվեց:
«Բանանցը» պատասխանեց Կոբզարի հեռվից կատարած հարվածով, որն ընթացավ ուղիղ Դրագոևիչի վրա և մեր թիմի դարպասապահը տիրեց գնդակին:
63-րդ րոպեին «Փյունիկի» գերազանց գրոհից հետո Ուսմանը հիանալի հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու համար, սակայն գտնվելով նպաստավոր դիրքում հապաղեց և «Բանանցի» պաշտպանները կարողացան չեզոքացնել սպառնալիքը:
Չիրացրած լավ հնարավորությունից հետո «Բանանցն» անմիջապես կարող էր պատժել մեր թիմին, բայց Եվգենի Կոբզարի վտանգավոր հարվածը մի փոքր շեղ ընթացավ:
Շատ չանցած, Ալիկ Առաքելյանը ձախ թևից գնդակը փոխանցեց «Բանանցի» տուգանային հրապարակ և Արթուր Միրանյանին մի ակնթարթ չբականեցրեց գնդակին հասնելու համար: Մեր թիմից հաշիվը հավասարեցնելու համար լավ հնարավորություն ուներ նաև փոխարինման մտած Ռումյան Հովսեփյանը:
82-րդ րոպեին «Փյունիկը» ստեղծեց ևս մեկ իրական գոլային պահ, սակայն Ռումյան Հովսեփյանի մոտ տարածությունից գլխով կատարած հարվածից հետո Արամ Հայարապետյանն, ով այս խաղում իր բարձրության վրա էր, սլացիկ ցատկով գնդակը հանեց անկյունային՝ ևս մեկ անգամ այս խաղում փրկելով «Բանանցին»:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում մեր թիմն ամեն կերպ փորձում էր փրկել հանդիպումը, սակայն գրոհները նպատակին չէին հասնում, իսկ որոշ դրվագներում հուսալի էին գործում «Բանանցի» պաշտպանները:
Իսկ երբ արդեն ընթանում էր հանդիպման ավելացված ժամանակը, «Փյունիկի» գործադրած ջանքերը վերջապես տվեցին իրենց արդյունքը. տուգանային հրապարակում Ռումյան Հովսեփյանը կարողացավ արագ կոմղնորոշվել և հուժկու հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1-1:
Այդպիսով, «Փյունիկն» ունենալով մի շարք իրական գոլային պահեր, ի վերջո կարողացավ խաղի վերջին րոպեներին հավասարեցնել հաշիվը՝ թույլ չտալով «Բանանցին» մրցաշարային աղյուսակում իրեն շրջանցել: